Հովաննես Թումանյանի Թանգարան
1949թ-ին որոշում կայացվեց Հովհաննես Թումանյանի հիշատակը հավերժացնելու և բանաստեղծի ժառանգությունը պահպանելու նպատակով, մայրաքաղաք Երևանում կառուցել թանգարան։ Թանգարանի առաջին շենքի բացման արարողությունը եղավ 1953 թ. ապրիլի 5-ին` բանաստեղծի մահվան 30-ամյակի առիթով:
Արա Աղաբաբյանի նախագծով կառուցվեց երկրորդ մասնաշենքը, որտեղ ծավալվեց Թումանյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող ցուցադրությունը: Իսկ երկրորդ հարկում լիովին վերականգնվեց բանաստեղծի թիֆլիսյան բնակարանի կրկնօրինակը` անձնական իրերով ու կահույքով:
Թանգարանում ցուցադրված նմուշներից մեծ մասը իրենց պատմական, մշակութային և հասարակական նշանակությամբ բացառիկ են, իսկ մի մասը մասունքներ են՝ բանաստեղծի ձեռագրերը, անձնական գրադարանը, անձնական իրերը: Թանգարանում պահվող հավաքածուն ունի ավելի քան 19656 ցուցանմուշ: Այստեղ կարելի է նաև տեսնել արվեստի գործեր՝ գեղանկարներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի նմուշներ, լուսանկարներ, բանաստեղծի ընտանիքի անդամների արխիվները և այլն:
Հուշային բաժինը իր մեջ ներառում է Հովհաննես Թումանյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրեր, կենցաղային առարկաներ, կերպարվեստի նմուշներ և հուշային լուսանկարներ: Գրավոր աղբյուրների բաժնում ներառված են բոլոր ձեռագիր և տպագիր նյութերը. բանաստեղծի և նրա ընտանիքի անդամների ինքնագրերը, Թումանյանի անձնական գրադարանը, գրողի կենդանության օրոք հրատարակված մամուլը, ազդագրերը և այլ փաստաթղթեր:
Կերպարվեստի բաժնում հաշվառված են ոչ հուշային կերպարվեստի գործերը՝ գեղանկարներ, նկարազարդումներ, կիրառական արվեստի նմուշներ, որոնք ձեռք են բերվել թանգարանի կողմից՝ գնման կամ նվիրատվության եղանակով, ինչպես նաև պատմական և մշակութային բացառիկ նշանակություն ունեցող լուսանկարներ:
Հովհաննես Թումանյանի թանգարանը ներկայումս փակ է: Այդ պատճառով թանգարանը գործում է այլ հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում»: Այս կենտրոնի շենքում ծավալված մշտական ցուցադրության նկարագիրը ուրիշ է, քանի որ թանգարանի հավաքածուի ցուցանմուշների մեծ մասը ի պահ է տրված այլ մշակութային հաստատությունների։ Այստեղ ներկայացված են միայն Թումանյանների կահույքի և կերպարվեստի որոշ նմուշներ: Առաջին հարկում ցուցադրվում են բանաստեղծի անձնական գրադարանի գրապահարանները և այցելուներին ներկայացվում է «Թումանյանը և գիրքը» թեման: Սրահի կենտրոնում գտնվում է Թումանյանների հյուրասենյակի կահավորումը, իսկ աջ անկյունը նվիրված է բանաստեղծի տիկնոջը՝ Օլգային: Երկրորդ հարկում ներկայացված է «Վերնատուն» թեման՝ պաստառների տեսքով: Սրահի կենտրնում Հովհաննես Թումանյանի աշխատասենյակի կահավորումն է, ապա վերարտադրված է սեղանատան մի հատվածը։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:30-16:30
Կիրակի՝ 10:30-15:30
Էքսկուրսիաների համար նախօրոք պայմանավորվել։
Հայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 2000դրամ
Անգլերեն/Ռուսերեն/ֆրանսերեն/Արաբերեն/Արևմտահայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 3000դրամ
Մուտքի տոմս - 1000 դրամ
Աշակերտական, ուսանողական, թոշակառուի տոմս - 500դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար։
www.toumanian.am